Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խոստացել է «նոր Թուրքիա» ստեղծել ձախողված հեղաշրջումից հետո: Իշխանությունը վերցնելու դիլետանտական փորձը, որ Էրդողանն անվանեց «Աստծո ընծա», նրան լրացուցիչ միջոցներ է տալիս իր գաղափարներն իրականացնելու համար, որոնց ուրվագծերն արդեն երևում են, գրում է Bloomberg-ը: Նա հստակ հասկացրեց՝ երկիրը, որ ուզում է ստեղծել, արմատապես տարբերվելու է ներկայից երկու առումով՝ իշխանությունը կենտրոնանալու է նախագահի ձեռքում, աշխարհիկ հին էլիտաները քաղաքականության մեջ շատ քիչ դեր են ունենալու՝ գրում է Մարկ Չեմպիոնը:
«Պլյուրալիստական, աշխարհիկ, ժամանակակից հասարակութան ժառանգությունը խամրում է, փոխարենը գալիս է միակուսակցական ժողովրդավարությունը»՝ կարծում է Գարի Գրինբերգը (Hermes Asset Management, Լոնդոն): Թուրքիայի վաղեմի ավանդույթները լավ հայտնի են՝ սեկուլյարիստները կառավարում են պետությունը, իսկ բանակը ժամանակ առ ժամանակ խառնվում է, որ իր տեղը դնի կրոնական պահպանողական մեծամասնությանը, երբ նա չափազանց մեծ ներգործություն է ստանում ընտրախավի վրա: ՈՒրբաթ գիշերվա հեղաշրջման փորձը ցույց տվեց միանգամայն այլ երկիր՝ այնտեղ ոչ միայն դավադրության զոհը, այլև չկայացած դավադիրները կրոնական պահպանողականներն էին՝ նշում են փորձագետները: Հիմա Էրդողանը պատրաստ է լիակատար վերահսկողության տակ վերցնելու պետական ինստիտուտները և փոխելու Թուրքիայի հիբրիդային քաղաքական համակարգը՝ իշխանությունը կենտրոնացնելով նախագահի ձեռքում, այլ ոչ թե խորհրդարանի: Նրան կօգնի կատաղի հետևորդների աջակցության ալիքը, որ ստեղծեց հեղաշրջման փորձը, երբ մոլլաների կոչով Էրդողանին աջակցելու համար փողոց դուրս եկան պահպանողական երիտասարդները, մինչդեռ աշխարհիկ պետության կողմնակիցները մնացին տանը:
«Ես տանկի առաջ չեմ վազի՝ Էրդողանին պաշտպանելու համար,- ասաց Ստամբուլի 38-ամյա բնակիչը, որ ցանկացավ անանուն մնալ:- Կրթված, արևմտամետ թուրքերի համար այս երկրում տեղ չկա: Կատարվածը մեր պատերազմը չէր»: Այդ էնտուզիազմն արդեն Էրդողանին հնարավորություն է տվել դատական իշխանության զտումներ անել՝ առանց իրավախախտումների ապացույցների՝ յուրաքանչյուր առանձին դեպքում: Մինչև կիրակի 6 հազարից ավելի մարդ էր ձերբակալված՝ արդարադատության նախարար Բեկիր Բոզդագի խոսքով, և ձերբակալությունները պիտի շարունակվեն: Էրդողանի ամբիցիաների մասշտաբները երևում էին 2011-ից: Նա խոստացել էր ձևավորել «աստվածավախ սերունդ»՝ հակառակ Աթաթուրքի աշխարհիկ պետության:
Նա կտրուկ ավելացրեց կրոնական դպրոցների թիվը և ընդլայնեց կրոնական կրթությունը հանրակրթական դպրոցներում: Դա էլ տագնապներ հարուցեց, որ Էրդողանը մտադիր չէ իսլամական հանրապետություն ստեղծել, ինչը նա կատեգորիկ հերքում էր միշտ:
Մարկ ՉԵՄՊԻՈՆ, Bloomberg
Հ.Գ. Շատերի պես Արիֆ Ասալիօղլին REGNUM- ում հարցնում է՝ իսկ կա՞ր հեղաշրջում: Վերջին ժամանակներս տարբեր հարցերով ի հայտ եկան Էրդողանի սառը հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի ու հարևան երկրների հետ: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու Էրդողանը, մնալով մենակ արտաքին քաղաքականության մեջ, սկսեցին դժվարություններ զգալ ժողովրդին որոշ իրողություններ բացատրելու մեջ: Համաշխարհային հանրությանը հայտնի դարձան Թուրքիայի տարածքով ահաբեկչական խմբավորումներին ու սիրիական ընդդիմությանն անօրինական օգնություն ցույց տալու դեպքերը: Տեղեկությունները հաստատվեցին փաստաթղթերով: Ոստիկանության ութ ամիս շարունակվող տեխնիկական գաղտնադիտարկման հետևանքով 2013-ի դեկտեմբերի 17-ին խոշոր կոռուպցիոն սկանդալ ծագեց, որում խառնված էին Էրդողանն ու նրա մերձավոր շրջապատը: Ձերբակալվեցին Էրդողանի մերձավորներն ու նախարարների որդիները, որից հետո ԱԶԿ-ն արագ իր վերահսկողության տակ վերցրեց դատարանը, տնտեսությունը, խորհրդարանը, ԶԼՄ-ներն ու բոլոր կարևոր կազմակերպությունները: Ոստիկանության բոլոր պետերն ու դատավորները կամ նոր նշանակումներ ստացան, կամ ազատվեցին աշխատանքից: Բանակը միշտ էլ զգուշությամբ էր վերաբերվում Էրդողանին ու կառավարությանը: Բանակի ներքին կառուցվածքի վրա Էրդողանը չէր կարողանում այնպես ներգործել, ինչպես մյուս կառույցների: Մինչև այժմ Էրդողանին հաջողվում էր ցուցադրել բանակի հետ իր միասնությունը քաղաքական մանևրների ու խորամանկ հնարքների միջոցով: Նա հիանալի գիտեր, որ կարևոր կառույցներում կատարվող փոփոխությունները պետք է շարունակվեն բանակում: Շատ մասնագետներ հարցնում են՝ մարդկանց ոչ մեծ խմբի երեքժամյա գործողությունները հուլիսի 16-ի գիշերը (հեղաշրջումին նմանվող) չէ՞ր բեմադրել կառավարությունը Ռազմական խորհրդի նախօրեին, որ նշանակված էր օգոստոսին և միշտ կարևոր փոփոխություններով է նշանավորվում բանակում: Կատարվածը բոլորովին նման չէր Թուրքիայում տեղի ունեցած նախորդ հեղաշրջումներին, որոնց ժամանակ նախ չեզոքացվում էին պետության ղեկավարները, հետո գրավվում էին խորհրդարանը, կառավարությունը, պետական հեռուստաալիքները և աստիճանաբար ամբողջ համակարգը անցնում էր բանակի կողմը: Այս անգամ հեղաշրջման փորձից անմիջապես հետո, որ հայտարարվեց հիմնականում մարդկանց ուշադրությունը գրավելու և աղմուկ ստեղծելու համար՝ գիշերը փակելով կամուրջները, վարչապետն ու որոշ պաշտոնյաներ միաձայն սկսեցին բացատրություններ տալ, որը այդ գործողությունն այնքան էլ հեղաշրջման նման չի դարձնում: TRT պետական հեռուստաալիքի ուղիղ եթերում հաղորդում են «հեղաշրջման» փորձի լուրը: Կոչ է արվում ժողովրդին հրապարակներ դուրս գալ ու դատապարտել այդ գործողությունները: Հատկանշական է, որ գիշերը իմամները փողոց դուրս գալու և կատարվողը դատապարտելու կոչ արեցին՝ ինչպես ազանը՝ երեկոյան աղոթքից առաջ: «Հեղաշրջում» անունով գործողության մեջ ներգրավված էին ընդամենը 2 ուղղաթիռ, 7 տանկ, 2 ռազմական ինքնաթիռ և 350 զինվորական: Ձեր կարծիքով՝ այդքան մարդով հեղաշրջում կլինի՞: Բացի այդ՝ հեղաշրջում անել ցանկացող մարդիկ, չգիտես ինչու, իրենց մտադրության մասին հայտարարեցին Ստամբուլի կամուրջները փակելուց հետո: Ճիշտ այնպես, ինչպես 2013-ի դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալից հետո, հետևեցին մեղադրանքներ «Հիզմեթ» շարժման հասցեին, և ասվեց, որ «հեղաշրջումը նախաձեռնել էին այդ շարժման կազմում ընդգրկված զինվորականները»: Մեղադրանքները «Հիզմեթի» հասցեին, որի բոլոր կառույցները իրենց ձեռքն են հավաքել, ունեցվածքը կողոպտել են և չնայած այդ ամենին, նրանք չեն խախտում օրենքն ու իրավունքը, և մինչև այսօր չեն եղել որևէ զինված կոնֆլիկտում, ոչ այլ ինչ են, եթե ոչ ատելության ու զայրույթի դրսևորում: Վերլուծելով կարճլիկ «հեղաշրջումը», եզրակացնում ես, որ դա խաղ էր, բազմանպատակ ինտրիգ բանակի ներսում, ժողովրդի հետ տնային աշխատանք՝ ստանալու աջակցություն նոր սահմանադրությանն ու Սիրիայի հարցում դիրքորոշմանը: Էրդողանի՝ իրադարձություններին հաջորդած առաջին հայտարարության մեջ կան ակնարկներ. «Վերջին հաշվով, այս պահին սա ելք է, ալլահի պարգև: Այս գործողությունը առիթ կդառնա Թուրքիայի Զինված ուժերում զտումների համար, որ պետք է ծայրահեղ մաքուր լինեն: Օգոստոսի սկզբին Ռազմական խորհուրդ է հավաքվելու: Նշանակալից փաստ է, որ այս քայլը ձեռնարկվեց Ռազմական խորհրդի նախօրեին: Ոմանք կարծում էին, որ իրենց կհետևեն, այդ պատճառով էլ այս քայլին գնացին»: Փաստորեն «հեղաշրջում» խաղալու նպատակը բանակում, պետական համակարգում ու հասարակության ներսում զտումներ անելն էր: Հաջորդ օրն իսկ այդ զտումները սկսվեցին՝ Դատավորների բարձրագույն խորհուրդը աշխատանքից հեռացրեց 2745 դատավորի, Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի նախագահությունը իր 5 անդամների լիազորությունները կասեցրեց, դատախազությունը պահանջեց Սահմանադրական դատարանի 140 անդամների և Գերագույն դատարանի 48 անդամների հրաժարականը, ազատվեցին նահանգապետներ և տեղական կայազորների պետեր, գործող բանակի տասնյակ գեներալներ ու ծովակալներ կամ ձերբակալվեցին կամ հետախուզում հայտարարվեց, Սահմանադրական դատարանի 2 անդամ ձերբակալվեց, ձերբակալվեցին Երրորդ բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Էրդալ Օզթյուրքը, 308 զինվորներ, 2 մայոր և 3 կապիտան: Ահա այսպես, հենց այդ պատճառով էլ Էրդողանը պտտվում էր օդում ու վերևից ծիծաղում պարզամիտ հայրենակիցների վրա, որ հավատացել էին, թե երկրում վիճակը խառն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ